Ըստ ՔԿ-ի՝ քննիչը չի իմացել, որ Ռուբեն Մխիթարյանի հետ է խոսում
Պարզվում է՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող և ընտրապայքարի դուրս եկած պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից ու, չնայած դրան, վարել է այն:
«Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան:
Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- հայտնել են ՔԿ-ից:
Նշենք՝ Ռուբեն Մխիթարյանն ավելի վաղ հրապարակել էր իր և քննիչի հեռախոսազանգի տեսանյութը, որտեղ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդրով քննիչը Մխիթարյանին հրավիրում էր հարցաքննության ժամը 18։00-ին։
Այս կապակցությամբ ՔԿ-ից փոխանցեցին, որ տեսանյութից պարզ երևում է՝ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում:
«Քննիչը, իրացնելով իր լիազորությունները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- հորդորել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել, որ քննիչի պահանջով Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում՝ Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար: Մխիթարյանն ու նրա թիմը տեղի ունեցած բնականոն գործընթացը «քաղաքական» են որակել:
