Եթե որեվէ բան եղած լիներ, անհանգստություն կլիներ․ Սոթքի վարչական ղեկավարը՝ ինտեսիվ կրակոցների լուրերի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ստահոդ լուր է տարածել «Ֆեյսբուք»-ի իր էջում, հայտնելով, թե, իբր, ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել:

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում իրավիճակը հանգիստ ես։

«Կրակոցների դեպքերի վերաբերյալ պաշտպանության նախարարությունն է հայտարարություն տարածում։ Իսկ մեզ մոտ մարդիկ իրենց գործերով են զբաղված, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Այսինքն՝ որևէ բան եթե եղած լիներ, անհանգստություն կլիներ մարդկանց շրջանում»,- ընդգծեց նա։

Կրակոցների մասին լուրին պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ արդեն արձագանքել է, շեշտելով, որ սոցիալական ցանցերում հրապարակվում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

«Ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

You may also like...