Հետամուտ եմ լինելու, որ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակցի նկատմամբ հանցագործությունը բացահայտվի. Սարգսյան
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անդրադառնալով Վանաձորում ոստիկանների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձի վերաբերյալ հանրային հնչեցություն ստացած դեպքին պարզաբանել է, թե ինչպես է ԼՂ֊ից տեղահանված այդ անձը, որը հաղորդում է ներկայացրել, թե Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն շարունակաբար ծեծի են ենթարկել, հայտնվել ոստիկանության տեսադաշտում։
«Չնայած որ, մենք հերքեցինք հանրայնորեն, որ այս լուսանկարը կատարված է մի քանի տարի առաջ և բացարձակ կապ չունի դեպքի հետ, բայց դեռևս շարունակվում է այս լուսանկարը կապվել այս իրադարձության հետ և պնդել, որ անձը տվյալ վիճակում է եղել։ Սա հարցադրում եմ հնչեցնում, ինչու՞։
Ինչու՞ է այս դեպքի հետ կապվում մի իրադարձություն, որն այս դեպքի հետ կապ չունի։ Այս դեպքի մասով համացանցում տարածվեց մեր երկու ծառայողների լուսանկարները։
Պիտի փաստեմ, որ ծառայողներից մեկը մի քանի օր առաջ մեկ այլ հանցագործության բացահայտման, մեկ այլ հանցանք կատարած անձի նռնակով վնասազերծման դեպքի շրջանակներում, վտանգելով իր կյանքը, ստացել է վնասվածքներ և հայտնվել հիվանդանոցում։
Հիմա որպես նախարար իմ հարցադրումը հետևյալն է․ ոստիկանության ծառայողը կարո՞ղ է օրեր առաջ ոստիկանին բնորոշ պատշաճ վարքագիծ դրսևորել՝ պահպանելով օրենքը և ապահովելով այլ անձանց անվտանգությունը, և օրեր հետո վերածվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող ոստիկանի»,- ասել է նախարարը։
Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ այս հարցի պատասխանը պետք է տա քննությունը։
