Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր եվ շատ բարդ փուլ. թյուրքագետ

Ուշադրությամբ հետևում եմ Թուրքիայում արդեն չորս օր շարունակվող բողոքի ակցիաներին և ցույցերին: Դեռ պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն հաստատ է, որ Թուրքիան մտել է քաղաքական անկայունության նոր և շատ բարդ փուլ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Դիտարկենք բողոքի դուրս եկածների կազմը: Չնայած իշխանությունները պնդում են, որ դրանց մասնակցում են «լուսանցքային կամ ծայրահեղական» խմբեր, իրականությունը ոչ միայն այլ է, այլև դա իմանալը կարևոր մեզ համար: Այսպես, ցուցարարների մեջ մեծ թիվ է կազմում ուսանողությունը, որը այս փողոցային պայքարի շարժիչ ուժն է (օրինաչափորեն):
Իսկ վերջիններիս մեջ զգալի զանգվածը ներկայացնում են թուրք ազգայնականները, որոնք սերում են աղքատ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից:
Պատահական չէ, որ ցուցարարների առաջին շարքերում կարելի է հանդիպել թուրք ազգայնականների գլխավոր խորհրդանիշը` «գորշ գայլեր» (Bozkurt) ժեստը:
Սա ևս մեկ վկայությունն է նրա, որ Թուրքիայի հասարակությունում (իսլամական) ազգայնականությունը տիրապետող գաղափարախոսություն է, իսկ Էրդողանին փոխարինելու հավակնող ընդդիմադիրները` ոչ պակաս ազգայնականներ` դրանից բխող բոլոր հետևանքներով», — նշել է թյուրքագետը:

Նշենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիները շարունակվում են արդեն 4 օր. պատճառը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն է:

Նա համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:

You may also like...