Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայից
Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից, փոխանցում է Factor.am-Ը:
«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 20-ի գրության՝ հայտնում եմ, որ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվում»,- գրել են գլխավոր Դատախազությունից։
Դատախազության պատասխանից կարելի է եզրահանգել, որ Հակոբյանն ու Հարությունյանն անցնում են քրեական վարույթով, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Կապ հաստատեցինք նաև Մովսես Հակոբյանի հետ՝ փորձելով պարզել, թե Դատախազությունը ինչ գումար է պահանջում իրենից։ «Ինձնից գումար չեն պահանջում»,- ասաց Հակոբյանը՝ հրաժարվելով խոսել իր դեմ ներկայացված հայցադիմումի մասին»:
