Վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:

54173_b.jpg (585 KB)

Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք և երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար:

54174_b.jpg (570 KB)

Սեյեդ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խարսխված են պատմական տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը:

Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:

54171_b.jpg (684 KB)

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը:

Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

54170_b.jpg (561 KB)

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը: Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:

54172_b.jpg (650 KB)

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

You may also like...