Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրն է. ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտների հետ «Թատերական շաբաթ» միջոցառումների շրջանակում մասնակցել է «Թատերադաս» խորագիրը կրող ծրագրին:

Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը համոզված է՝ բոլոր երեխաները տաղանդավոր են, և կրթական համակարգն ու ծրագրերը պետք է բացահայտեն ու զարգացնեն նրանց տաղանդները:

«Այս ծրագիրը ևս միտված է զարգացնելու և խթանելու ձեր ստեղծագործ միտքը՝ հաղորդակցվելով  ոլորտի փորձառուների հետ»,- ասել է նախարարը և շնորհավորել թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առիթով:

Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների հետ թատրոնի  տարբեր հարթակներում հետևել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մասնակիցների փորձերին:

Ծրագրի մրցութային երկու փուլերը հաղթահարած 60 աշակերտներն աշխատում էին թատրոնի հինգ խմբերում։ Երեքշաբաթյա ինտենսիվ դասերի ընթացքում ստեղծված ներկայացումները հանդիսատեսին կներկայացվեն ապրիլի 5-ին։

Դպրոցականները «Թատերական շաբաթվա»  շրջանակում շրջել են  թատրոնում, ծանոթացել թատրոնի պատմությանը, ետնաբեմին, արտադրամասերին, ստացած տեղեկությունների և հարցերի միջոցով հարստացրել իրենց պատկերացումներն ու գիտելիքները  թատերարվեստի  վերաբերյալ:

Նշենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը մեկնարկել է 2025 թ.  մարտի 18-ին։ Ծրագրի խմբերի ղեկավարներն են Արմեն Մարությանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Քուշկյանը, Գևորգ Դավթյանը, Հայկ Իսրայելյանը:

Դասախոսներն են Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Արինա Արարատյանը, Նարինե Իսրայելյանը:

Հիշեցնենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ:

Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

You may also like...