Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
Փարաքար խոշորացված համայնքի Պտղունք բնակավայրի 14/11 ընտրական տեղամասում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում վերջինս ասել է, որ արձանագրել է առնվազն 4 խախտում:
«Մեկն այն է, որ կնիք չի դրվել քաղաքացու ստորագրության դիմաց, քաղաքացին արդեն լքել էր տեղամասը, նոր են ավելացրել, մյուսը՝ հրաժարվել են ընդունել վստահված անձի բողոքը ուղղորդման վերաբերյալ, երրորդ դեպքում՝ քաղաքացին անձնագրով եկել է ընտրության, բայց թույլ չեն տվել նրան ներս մտնել՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրը, իսկ վերջին արձանագրումն այն է, որ քաղաքացուն հորդորում էին պատուհանի հետևում, թե ինչ անել»:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ արձանագրություններն էլ արվել են ոչ թե գրանցամատյանի՝ վստահված անձանց հատկացված բաժնում, այլ՝ ԶԼմ ներկայացուցիչների համար հատկացվածում:
Բացի այդ, ընտրական տեղամասում առհասարակ բացակայել են ուղղորդող նշանները և քաղաքացիների համար ընտրական գործընթացի շատ բաներ մնացել են անհասկանալի, ինչի հետևանքով տեղամասում գտնվող մյուս անձինք ստիպված են եղել ճշտումներ, ուղղորդումներ անել:
Վստահված անձի փոխանցմամբ՝ տեղամասում խախտումները տեսել են բոլորը, սակայն արձանագրություններ չեն կազմվել, իսկ իր՝ նման հորդորին ի պատասխան, առաջարկել են խախտումներն արձանագրել ոչ թե գրանցամատյանում, այլ առանձին թղթերի վրա, ինչը կոպիտ խախտում է:

