Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն (տեսանյութ)
Մամուլում տարածված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանձնարարականով և ՀԿԽԸ Արհմիության որոշմամբ ստեղծվել է ներքին հանձնախումբ, որը կուսումնասիրի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանի՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում մասնակցության, անկողմնակալության և չեզոքության հարցը։
Նման դեպքը հանդիսանում է կազմակերպության կանոնադրության ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքների ոտնահարում։
Լրատվականներն անդրադարձել էին նաև այն հանգամանքին, որ շահառուներին տեղափոխում են ազգային ընկերության ավտոմեքենաներով․ այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և այդ մեքենաները նախատեսված են առհասարկ շահառուների տեղաշարժը, ինչպես նաև շուրջօրյա խնամքի կենտորնի աշխատանքները կազմակերպելու համար»,- ասվում է ԿԽ ընկերության հաղորդագրության մեջ:
«Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուները ուղղորդվել են և տեղափոխվել ընտրական տեղամասեր: Մեր թղթակցի հետ զրույցում շահառուներից մեկը հաստատել էր փաստը, որ իրենց ասվել է՝ ընտրել Մարտուն Գրիգորյանին:
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրեն Գինուշ Զատիկյանը մեզ հետ զրույցում թեպետ հերքել էր շահառուներին ուղղորդելու մասին տեղեկությունները, բայց հաստատել էր այն, որ ինքը «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ազգականն է և ունի քաղաքական կողմնորոշում:
