Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու համար՝ նշելով, որ փաստաթուղթը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար:
Շտայնմայերը կոչ է արել կողմերին շուտափույթ ստորագրել, վավերացնել ու իրագործել խաղաղության պայմանագիրը։
«Ցանկանում ենք, որ այս բանակցությունների ճանապարհն իր հանգրվանին հասնի, և խաղաղություն ստեղծվի, և կայունություն հաստատվի։ Մենք այստեղ շարունակելու ենք այդ մասին խոսել, նաև վաղը չէ մյուս օրը Բաքվում մեր մյուս գործընկերների հետ խոսելու ենք այս մասին»,- Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի նախագահը։
Շտայնմայերը նախօրեին է ժամանել Երևան, ապրիլի 2-ին կլինի Բաքվում։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։
