Մեր քաղաքական թիմը մշտապես մերժել է ընտրական կեղծիքի ցանկացած դրսևորում. Նազելի Բաղդասարյան
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է.
«Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կասվի, բայց կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր։
Զավեշտալին այն էր, որ արձանագրված խախտումների առյուծի բաժինը հենց ընդդիմադիրների ձեռամբ էր կատարվում։ Մինչդեռ իշխանության հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներն այդպես էլ մնացին փաստազուրկ և առանց հիմնավորման։
Ընտրության արդյունքների ամփոփումից հետո էլ աղաղակող «ընտրությունները կեղծվել են», «անվավեր պետք է ճանաչել Գյումրիի ընտրությունները» վերտառությամբ հոդվածներն իսպառ անհետացան։
Ենթադրությունները թողնում եմ ձեզ։
Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական թիմը, հավատարիմ մնալով մեր իսկ որդեգրած սկզբունքներին և ձեռագրին, մշտապես մերժել է ընտրական կեղծիքի ցանկացած դրսևորում։
Ուստի Գյումրիում ընդդիմադիրների մասնակցությամբ առերևույթ կաշառքի, մարդու կամքին բռնանալու և հարկադրաբար ընտրություններին ուղղորդելու դեպքերը պետք է հստակ իրավական գնահատական ստանան։
«Քաղաքացիական պայմանագիրն» ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ, և դա է պատճառը, որ 17000-ից ավելի գյումրեցի իր քվեն տվեց Սարիկ Մինասյանին ու մեր կուսակցությանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։
Այլ հարց է, որ ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր «նվիրվելու» են մեզանից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոմկուսի ներկայացուցչին։
Ժամանակը կտա իր գնահատականը»։
