Կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն, որը ռազմական հետախուզությամբ չի զբաղվի. Գրիգորյան

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը: Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ առաջարկվող նախագիծը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում է արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաեւ ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն՝ առկա է քաղաքական որոշում՝ ստեղծելու պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով նորաստեղծ ծառայությանը հնարավորություն կընձեռվի ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,-ասել է Արմեն  Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաեւ տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ:

You may also like...