Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը:

489308016_986235233698691_6356879115661023256_n.jpg (1.31 MB)

Նախարարն առանձնակի անդրադարձել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Մոսկվայի մյուզիքլի թատրոնի համագործակցությամբ իրականացված «Փրայմ թայմ» մյուզիքլի առաջնախաղին, որը համախմբել է տարբեր երկրների արվեստագետների։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի և Ռուսաստանի օպերային թատրոնների և թատերախմբերի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկու պետությունների համատեղ երիտասարդական օպերային ծրագրերը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև փոխգործակցության մասին, որի շրջանակում իրականացվել են երկկողմ այցելություններ, հյուրախաղեր, ապահովվել է մասնակցություն թատերական փառատոներին, ինչպես նաև Հայաստանում անցկացվել են վարպետության դասեր և սեմինարներ թատերական գործիչների համար:

489084739_986235343698680_2915101683959050578_n.jpg (1.12 MB)

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին՝ ընդգծելով հատկապես կինոժառանգության պահպանության ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:

Կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի կինոֆոնդերի միջև համագործակցությամբ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման համատեղ աշխատանքների կազմակերպումը:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների ստեղծագործական բուհերի, մասնավորապես՝ պարարվեստի ուսումնարանների, Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՎԳԻԿ-ի, ՌԱՏԻ-ի (ԳԻՏԻՍ), ինչպես նաև երկու երկրների կոնսերվատորիաների միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն խորացնելու հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2025 թվականի աշնանը ՌԴ-ում կայանալիք «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը վերաբերող կազմակերպչական հարցեր:

489807497_986235147032033_57365903847355693_n.jpg (142 KB)

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև մշակութային համագործակցության մեծ ներուժը: Նա նշել է՝ Հայաստանն ավելի լայն ներկայացվածություն պետք է ունենա ՌԴ-ում նախատեսված «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ռուսաստանյան հանրության մեծ հետաքրքրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

You may also like...