ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության նպատակով ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերից մինչև այսօր պետական բյուջեի միջոցներից հատկացրել է ավելի քան 115 միլիարդ դրամ։
Խաչատրյանի խոսքով՝ միջազգային համաժողովների միջոցով ֆինանսական միջոցների մոբիլիզացման ակնկալիքները գերագնահատված են, և կառավարությունը չի կառուցում իր քաղաքականությունը նման սպասումների վրա։
«Մենք չենք տեսնում այդպիսի լրացուցիչ հնարավորություն, եթե մենք տեսնենք՝ որ խնդիրն է, որը լուծված չէ և հնարավոր է լուծել որևէ լրացուցիչ համաժողով անցկացնելու կամ կազմակերպելու արդյունքում, իհարկե, կարող ենք դա անել, բայց դրա կարիքը և անհրաժեշտությունն այս փուլում մենք չենք տեսնում»,-նշել է Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար միջազգային համաժողովներ անցկացնելու առաջարկով հանդես էր եկել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որի նախաձեռնությամբ մարտի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր անցկացվել։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին պահպանել իրենց տրամադրվող 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունը, ինչպես նաև ապահովել իրենց քաղաքական իրավունքների պաշտպանությունը։ Հանրահավաքից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հարցազրույցում նա պարզաբանել է նաև այդ աջակցության սահմանափակման պատճառները և հայտնել մանրամասներ: