Թրամփը զգուշացրել է Իրանին բանակցությունների ձախողման դեպքում մեծ վտանգի մասին

Իրանը կհայտնվի մեծ վտանգի առաջ, եթե ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները ձախողվեն:

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

«Եթե Իրանի հետ բանակցությունները հաջող չանցնեն, ապա հանրապետությունը վտանգի տակ կհայտնվի, քանի որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ, որ Իրանի համար շատ վատ օր կլինի, եթե մենք համաձայնության չգանք», — ասել է Թրամփը։

Նախօրեին նա ասել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը «ուղիղ բանակցություններ են վարում»։

«Դրանք կշարունակվեն շաբաթ օրը: Մենք շատ մեծ հանդիպում կունենանք, և կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ապրիլի 8-ին, սակայն, Վաշինգտոնի հետ բանակցություններին ծանոթ իրանցի երեք պաշտոնյաներ The New York Times-ին ասել են, որ Իրանի իշխանություններն այլ կերպ են դիտարկում առաջիկա երկխոսությունը։ Նրանք հայտնել են, որ յուրաքանչյուր երկրի պատվիրակությունը կնստի առանձին սենյակում, իսկ Օմանի դիվանագետներն իրենց ուղերձները կփոխանցեն միմյանց:

Ապրիլի 6-ին Reuters-ը գրել էր, որ իրանական բանակը բերվել է բարձր պատրաստվածության՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր հակամարտության ֆոնին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը Մոսկվայի հետ քննարկել է այս իրավիճակում հնարավոր աջակցության հարցը։

Հրատարակությունը նաև գրել է, որ Իսլամական Հանրապետությունը «դիմադրում է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու ԱՄՆ պահանջներին», սակայն պատրաստ է անուղղակի բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ Օմանի միջոցով, որը երկար ժամանակ միջնորդ է եղել երկրների միջև։ Իրանը նաև զգուշացրել է իր հարևաններին, որոնք հյուրընկալում են ամերիկյան բազաները, որ նրանք կարող են «հայտնվել կրակի գծում, եթե ներգրավվեն» ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտության մեջ:

You may also like...