Սամվել Վարդանյանը մեղավոր ճանաչվեց՝ Հակոբ Ասլանյանին ավտոբուսում հանրային պարսավանքի ենթարկելու գործով
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրեց մեղադրական վճիռ գործով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ:
Դատարանը որոշեց Վարդանյանին մեղավոր ճանաչել Քր. օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ (խուլիգանություն), իսկ Քր օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կատարման մեջ ճանաչել անմեղ (ատելության խոսք):
Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 15-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորում էր այդ ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։
Վարդանյանին անհապաղ ձերբակալեցին, ապա ՁՊՎ-ից Քննչական կոմիտե տեղափոխվելու ճանապարհին նրան մեքենայից իջեցրել էին դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել։ Հարուցվեց քրեական վարույթ, բայց մինչ այսօր ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ նույնականացված ոստիկան:
