Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ երազել եմ, որ այն կավարտվի իմ կյանքի օրոք. Վարդանյան (տեսանյութ)

Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը:

Ելույթի իր խոսքում Վարդանյանն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում:

Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր եւ անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք: Երբ մենք խոսում ենք սոցիալական զարգացման եւ արդարության մասին, պետք է գիտակցենք մի անհերքելի ճշմարտություն. առանց խաղաղության այս հասկացություններն անհասանելի են: Խաղաղությունն է մնացած բոլոր առաջընթացների հիմքը: Առանց դրա ոչ մի մնայուն բարիք չի կարող ստեղծվել:

Սա է պատճառը, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը լուրջ բանակցություններ է վարում հարեւան Ադրբեջանի հետ՝ աշխատելով խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը, հուսով ենք, կբերի կայունություն, բարգավաճում եւ ավելի պայծառ ապագա մեր տարածաշրջանին: Երեք տարի շարունակ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հնարավորություն ունեցան թղթին հանձնելու իրենց տեսլականն ու հույսերը՝ ձգտելով դեպի ապագա, որտեղ խաղաղ գոյակցությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն:

Այսօր այդ փաստաթուղթը փոխհամաձայնեցված է՝ պատրաստ ստորագրման, մեր ժողովրդի ու մեր տարածաշրջանի համար նոր էջ բացելու խոստումով: Հայաստանն առաջարկել է քննարկումներ անցկացնել փաստաթղթի ստորագրման հնարավոր վայրն ու ժամկետը պարզելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս պատմական փուլը հաջողությամբ ավարտին հասցնելու համար էական է, որ այս հարցը մշտապես լինի ձեր ուշադրության կենտրոնում: Ես այստեղ եմ՝ ձեր ուշադրությունը հրավիրելու այս հարցի վրա: Ես այստեղ եմ՝ տեսնելու իմ երազանքի իրականացումը»:

You may also like...