Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրրականությանը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե ապրիլի 9-ին, ժամը 23:50-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Տավուշի (հաղորդագրությունում՝ Թովուզգյալի շրջանի) դիրքերից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրենք էլ պատասխան միջոցներ են ձեռնարկել։
