Մամուլում շրջանառվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են․ Արմեն Սարգսյանի գրասենյակը՝ Զարիֆի միջոցով Ալիևին «ուղերձ» փոխանցելու մասին
Մամուլում շրջանառվող՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը:
Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը՝ մեկնաբանելով «Ազգ» օրաթերթի հրապարակումն առ այն, որ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց Երևան այցի շրջանակում հանդիպել է նախագահի հետ, այնուհետև նրանից «պատգամ» փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երևանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել հետևյալ ձեւակերպմամբ իր պատգամը.«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ:
Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.) նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:
Զարիֆը նաև հավելում է.«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:
