Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ղեկավար կազմի ուղեկցությամբ, աշխատանքային շաբաթն սկսել է Ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժիններ ու բաժանմունքներ այցերով, իսկ շաբաթավերջին այցելել է Սյունիքի մարզային ստորաբաժանում՝ ամփոփելով շրջայցը։

Աշխատանքային քննարկումների ընթացքում Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի պետ Սևակ Սիմոնյանն ու Սյունիքի մարզային բաժնի պետ Հայկ Պետրոսյանը ներկայացրել են իրենց բաժինների որոշ ցուցանիշներն ու աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերը։

57 (1).jpg (584 KB)

Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ հետաքրքրվել է Ծառայության շարժական գրասենյակների աշխատանքով։ Զեկուցվել է, որ շարժական գրասենյակների միջոցով սպասարկվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Ճամբարակ, Դիլիջան, Վարդենիս, Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան խոշորացված համայնքների հեռավոր գյուղերի շուրջ 700 քաղաքացի։ Նրանց տրամադրվել է խորհրդատվություն, իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվություն։

Շեշտվել է, որ շարժական գրասենյակների գործարկմամբ՝ ակտիվացել է խոշորացված համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիներին հասանելի ծառայությունների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև տեղում մասնագիտական աջակցության տրամադրումը։

1.3 (1).jpg (552 KB)

Սիրո Ամիրխանյանը հանձնարարական է տվել մարզային բաժինների պետերին վերահսկել նաև Ծառայության դեպոզիտ հաշիվներում առկա և քաղաքացիներին վերադարձման ենթակա գումարների գործընթացի համակարգված իրականացումը։

Գլխավոր հարկադիր կատարողը շրջել է նաև մարզային բաժինների և բաժանմունքների վարչական շենքերով, տեղում ծանոթացել քաղաքացիների սպասարկման գրասենյակներին, հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին՝ ուշադրություն դարձնելով աշխատանքային միջավայրի հարմարավետությանը և նյութատեխնիկական հագեցվածությանը։

You may also like...