Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է օրենքների նախագծեր

Ազգային ժողովի` դեկտեմբերի 23-ին հրավիրված  արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունները միտված են գործող իրավակարգավորումներն առավել հստակեցնելուն, օրենքներում առկա բացերը լրացնելուն, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, գործերը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքի ապահովմանը: Ըստ փոխնախարարի` փաթեթի ընդունման արդյունքում որոշակիորեն թեթեւանալու են քաղաքացիների հոգսերը: Օրենսդրական փաթեթը լրամշակվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի առաջարկների արդյունքում:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա անդրադարձել է դատական ոլորտի խնդիրներին` նշելով, թե առաջարկվող մեծածավալ փոփոխությունները չակերտավոր բարեփոխումներ են:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների ելույթներին` ընդգծելով նրանց գործելաոճը: «Եթե այդքան մտածում ենք դատական իշխանության մասին, եթե մեղադրում եք մեզ, թե մենք ենք միայնակ նշանակում թեկնածուներին, եկեք, մասնակցեք եւ ձեր քվեով արտահայտեք ձեր եւ ձեր ընտրողների կարծիքը»,- ասել է նա:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են տարբեր ձեւաչափերով աշխատանքային քննարկումներ, անցկացվել են խորհրդարանական լսումներ, որոնց արդյունքում ներկայացվել են առաջարկներ:

ՀՀ հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները` այստեղ:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նախատեսվում է Պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ` այսպիսով այն դուրս բերելով Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որում կատարվում են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Օրինագծով առաջարկվում է «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելուց հետո բացառել դեպոզիտային հաշվում առկա ֆինանսական միջոցների վերջնական բաշխումը` ըստ հասցեատերերի: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից ներկայացված նախագծերի փաթեթով խորհրդարանում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Օրենսդրական փաթեթով, մասնավորապես, սահմանվելու են «ապրանքների էլեկտրոնային առեւտուր» եւ դրան առնչվող «առեւտրի էլեկտրոնային հարթակ» հասկացությունները, ԵՏՄ անդամ պետություններից էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված եւ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասով էլեկտրոնային առեւտրի հարթակից ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու մասով կարգավորումները:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

«Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն:

Փաթեթն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձեւավորել հետախուզական համայնք, եւ այդ հետախուզական համայնքում կարեւոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը:

Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են խորհրդարանի կողմից:

You may also like...