Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ
Մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն, ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։
«Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վեթթինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով:
Նախ՝ ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան, և ճշգրիտ հավատարիմ ենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո՝ Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60 %-ով նշանակվել է 2018 թվականից հետո։
Նաև չմոռանանք, որ մենք, բառիս բուն իմաստով, զրոյից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել երեք՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ դժվար է խոստովանել, բայց իրականություն է, որ հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մնացած դատարանների ընկալումներից։
«Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները և դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող են թվալ. վարչապետի պաշտոնի իմ յոթ տարվա դիտարկումների համաձայն՝ այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատված է Հայաստանում:
Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է: Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը երբեմն ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին ժողովրդական առածին, և անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա, թերևս, ամենավառ օրինակն են»,- հայտարարել է վարչապետն ու հավելել, որ նույն այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի, և դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։
Վարչապետի խոսքով՝ այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե՛ օպերատիվ, թե՛ քննչական, թե՛ դատախազական, թե՛ դատավարական օղակներում։
«Ամո՞թ է 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։
Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը արած չլինեի նման վիճակ չունենալու համար՝ սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի՝ շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր և անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։
Բայց նշանակո՞ւմ է՝ իմ ասածն արձանագրում է, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն: Ո՛չ, ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք և հրաժարվելու ենք, որ անկախ և արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա:
Բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները և այս ճանապարհին լինել սկզբունքային և հետևողական»,- հավելել է Կառավարության ղեկավարն ու հայտարարել, որ ուրախ է արձանագրել՝ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, որոնք վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում:
Նիկոլ Փաշինյանը հավաստել է, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության և Կառավարության աջակցությունը։
«Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով և դրանց լուծում փնտրելով:
