Համաձայնության եզրեր եղել են. ի՞նչ են քննարկել արցախցիներն ու Տիգրան Խաչատրյանը

Այս մասին լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և Խաչատրյանի երրորդ հանդիպումը կայացել է այսօր։
«Այս անգամ էլ ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկները, բայց, ցավոք, հարցերին ավելի երկարաժամկետ լուծումներ տալու համար մեր հիմնավորված փաստարկները չեն ընդունվել։
Իրենց առաջարկներն էլ մենք չենք ընդունել, բայց համաձայնության եզրեր եղել են։ Մեզ ասացին, որ կառավարությունը պատրաստ է ևս 2 ամսով երկարաձգել 40 000 դրամ տրվող աջակցությունը։
Այսինքն` կարելի է ասել մասնակի հետքայլ է եղել, բայց 50 000 դրամի մասին խոսք լինել չի կարող»,– ասաց Իսկանդարյանը։
Նրա խոսքով` կառավարությունում ասել են, որ զուգահեռ պատրաստ են մասնագիտական խմբեր ձևավորել ու քննարկել սոցիալական ու բնակարանային ծրագրերին վերաբերող հարցերը։ Իսկանդարյանը նշեց, որ իշխանություններն ընդունել են, որ իրենց ծրագիրը ձախողված է։
Իսկանդարյանն ասաց, որ քննարկումներից հետո էլ պայքարը շարունակվելու է, գուցե միայն ձևաչափը փոխվի։ Ընդգծեց` դեռ չեն քննարկվել իրենց ներկայացրած 12 կետից 11-ը, օրինակ` հավաքական վերադարձի, Բաքվում գտնվող գերիների վերաբերյալ։
Խորհրդի մեկ այլ անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ իրենց ներկայացրած մյուս կետերը երկարաժամկետ լուծումներ են պահանջում, 2 ամիսը բավարար չէ։ Նա շեշտեց` այդ 11 կետերից հրաժարվելը քննարկման ենթակա չէ, ու իրենց դիրքորոշումը հստակ է։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն առաջիկա անելիքների մասին կխոսի 2-3 օրից։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ գումարը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում պահանջագիր ներկայացրեց՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչները նույն օրը վրան տեղադրեցին Երևանի Ազատության հրապարակում` ծրագրելով այդտեղից համակարգել խմբի աշխատանքները։