Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը (տեսանյութ)

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:

Ի թիվս այլ հարցերի, Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների, այդ փաստաթղթի բովանդակության և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչող պահանջների մասին:

Միրզոյանը թուրք լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նաև հարցը, թե որտե՞ղ է կնքվելու խաղաղության համաձայնագիրը:

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց. Բանակցությունները շարունակվո՞ւմ են։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեք ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։

Արարատ Միրզոյան. Այո, ներեցեք, մոռացել էի այդ հատվածի մասին. կարծում եմ՝ կարևոր է բոլորի համար՝ հասկանալ բոլոր նրբությունները, հակառակ դեպքում չեք ունենա ներկա իրավիճակի մասին հստակ պատկեր:

Այո, մենք բանակցում ենք, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։

Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...