Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգտակար է համարել Անթալիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպումը՝ նշելով, թե Ադրբեջանը միշտ կողմ է երկխոսությանը և հարցերի քննարկմանը։

«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում հայ գործընկերոջս հետ, հանդիպումը համարում եմ բավականին օգտակար:
Թեև հանդիպումը հնարավորություն չի տվել լուծելու առկա հարցերը, այն թույլ է տվել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները:
Հետևաբար, ես գտնում եմ, որ հանդիպումն օգտակար էր»,- ասել է Բայրամովը։

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին անդրադաձել էր Բայրամովի հետ հանդիպմանը՝ նշելով, որ Անթալիայում փորձել են մի փոքր առաջ գնալ։

«Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, չափազանցություն կլինի, բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել»,- նշել է Միրզոյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։

You may also like...