Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
«Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ է ուզում անել ընդդիմությունը՝ ի դեմս ԱԺ երկու խմբակցությունների»:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ցանկանում է իրենց ներքաշել այն բանավեճի մեջ, թե «ով է ավելի շատ թուրք» և իրականում, ըստ պատգամավորի, շատ դժվար է դիմանալ «գայթակղությանը» և չներքաշվել այդ բանավեճի մեջ, սակայն պետք է դրսևորել քաղաքական հասունություն:
«Չպետք է մտնել այդ բանավեճի մեջ, հարգելի՛ գործընկերներ և սիրելի՛ ժողովուրդ, որովհետև այդ բանավեճն է, որ մեզ կործանել է միշտ»,- հայտարարել է Թորոսյանը և հավելել, որ ընդդիմությունը ցանկանում է՝ Հայաստանը չունենա անկախություն կամ լինի հնարավորինս կախված ինչ-որ մի պետությունից. «չեն ցանկանում, որ Հայաստանն ունենա սահման»:
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի քննադատություններին, թե ՔՊ-ն է վարչության կազմով որոշել Հայաստանի սահմանը, Թորոսյանը նշել է, որ իրենք չեն որոշել ու չեն էլ ուզում որոշել:
«ՀՀ պետական սահմանը որոշվել է Հայաստանի Հանրապետությունը անկախանալիս, որին դուք դեմ եք եղել և մինչև հիմա դեմ եք: ՀՀ սահմանը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանն է: Ուզեք թե չուզեք, դա է ՀՀ-ի սահմանը, և մենք, այո՛, գնալու ենք և սահմանազատելու ենք այդ սահմանը մինչև վերջ, ինչպես սկսել ենք: Դուք չեք ուզում, որ մենք ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը:
Ինչպես իմ գործընկերները նշեցին, դա ամենալուրջ ձեռքբերումն է եղել 2024-ին»,- նշել է Թորոսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
