Արցախը գրավելուց և հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ.
Այս տարվա խորագիրն ամբողջովին արտահայտում է Արցախում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ճակատագիրը։ Արցախը գրավելուց և հայաթափելուց հետո Ադրբեջանը «պատերազմ է հայտարարել» հայկական մշակութային ժառանգությանը՝ մի մասը հռչակելով աղվանական, մյուս մասը՝ ամբողջովին ոչնչացնելով։ Ադրբեջանի այս քաղաքականությունը ծրագրված և համակարգված բնույթ ունի։
Հարկ ենք համարում նշել, որ ICOMOS-ում հայկական ժառանգությունը ոչնչացնելու ադրբեջանական քաղաքականությանը քաջատեղյակ են։ Դեռևս տարիներ առաջ իր զեկույցներում կառույցն արձանագրել էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումն Ադրբեջանի իշխանությունների կողմից։ 2020 թվականի նոյեմնբերին ICOMOS-ը և մի շարք այլ կառույցներ հայտարարություն էին տարածել «Լեռնային Ղարաբաղի շրջանում մշակութային ժառանգության պաշտպանության» կոչով։
Ներկայում ICOMOS‑ի, ինչպես նաև մշակութային ժառանգության հարցերով զբաղվող միջազգային մյուս կառույցների հետևողական մշտադիտարկումն ու ահազանգերի հնչեցումը կարող են նպասել հայկական ժառանգության գոնե որոշ մասը ոչնչացումից փրկելուն։
«Գեղարդ» հիմնադրամը, կարևորելով ICOMOS-ի գործունեությունը, կոչ է անում՝ հետևողական լինել խնդրին, պնդել Արցախ դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, համագործակցել այլ կառույցների հետ՝ Արցախում մշակութային հարուստ ժառանգությունը ոչնչացումից փրկելու։
Հայկական հուշարձանները ոչնչացնելուց բացի՝ Ադրբեջանը, բոլոր հնարավոր և անհնար ձևերով, այդ թվում՝ օգտագործելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։
Հիմնադրամը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմն ու պատմության կեղծումը»:
