Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր երկրում գործել է 102 լիցենզավորված ընկերություն, 41 տեսալսողական մեդիածառայություն մատուցող, 61 ցանցային օպերատոր:
Նույն ժամանակահատվածում գործել է հեղինակազորված 54 ընկերություն: Առանց լիցենզիայի հեռարձակվել է հանրային հեռարձակողի 3 տեսալսողական և 4 լսողական ծրագիր, իսկ միջազգային պայմանագրերի հիման վրա՝ 4 տեսալսողական և 1 լսողական ծրագիր:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ կարգավորող մարմինը 2024 թվականին գործել է թափանցիկ, ազատ և հասարակության առջև հաշվետու: Նա հավելել է, որ իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին և չեն միջամտում հանձնաժողովի գործունեությանը:
Ըստ հանձնաժողովի ղեկավարի՝ արդի տեղեկատվական հոսքերը, սոցիալական հարթակներում ինֆորմացիոն խառնաշփոթը Հայաստանի տեղեկատվական անվտանգության և մարդկանց հոգևոր ու ֆիզիկական առողջության համար սպառնալիքներ է ստեղծում և սահմանափակում է ՀՀ տեղեկատվական և լեզվական ինքնիշխանությունը: Նշվել է, որ մեդիա կարգավորող օրենսդրությունը համարժեք չէ այս փոփոխություններին: Զեկուցողի գնահատմամբ խնդիրները լուծելու համար հեռարձակողների օրենսդրական կարգավորման մեխանիզմները պետք է համահարթեցվեն:
Տիգրան Հակոբյանը թվային հանրային մուլտիպլեքսի զարգացման հարցն է բարձրացրել, նշել, որ որակյալ հեռուստաընկերություններ ունենալու համար ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը:
Անդրադարձ է եղել Կառավարության որոշմամբ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամի ստեղծմանը, որը ղեկավարելու է հոգաբարձուների խորհուրդը: Այն օգտագործվելու է Հայաստանում հանրօգուտ բովանդակություն ստեղծելու համար:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը: Ըստ նրա՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ հանրային բնույթ կրող հեռուստածրագրերի:
Կարևորվել է ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է նաև հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված մի շարք այլ խնդիրների մասին:
Հարցուպատասխանի ձևաչափում Տիգրան Հակոբյանն անդրադարձել է օտարերկրյա հեռուստածրագրերի՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակմանը, տեղեկատվական հոսքերի վերահսկման հնարավորություններին, առկա մոնիթորինգային գործիքակազմին, հեռուստահաղորդումների որակին ու բովանդակությանը, սուրդոթարգմանության ապահովման խնդրին, մեդիայում բազմակարծությանը, ատելության խոսքի ու բռնության քարոզի դրսևորումների հնարավորությանը և այլ խնդիրների:
«Ունենալով մերը և իմպլեմենտացնելով դա օրենսդրության մեջ՝ մենք ավելի հստակ կարող ենք պայքարել այդ չարիքի դեմ: Բայց այդ պայքարը կլինի արդյունավետ, եթե լինի բոլոր խաղացողների իրավունքների և պարտավորությունների համահարթեցում: Այսօր մենք կարողանում ենք պատիժներ կիրառել միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստա և ռադիոընկերությունների հանդեպ:
Դուք շատ լավ գիտեք, որ ատելությունը, չարությունը, բռնությունը ավելի շատ գեներացվում են համացանցում և շատ ժամանակ նաև կաբելային ցանցերում: Օրինակ՝ այս տարի 2 վարույթ ունեցանք, 2-ն էլ ազգային և կրոնական խտրականության վերաբերյալ էին, օրինակ՝ Ասիայից եկող աշխատողների, հնդիկների և այլ երկրների բնակիչների:
Հայաստանի ռադիոընկերություններից մեկը պատժվեց 500 հազար դրամով միայն այն բանի համար, որ զբաղվում էր ազգային խտրականությամբ, որը, ցավոք, մեր հասարակության մեջ ինչ-որ բացասական արձագանքներ ստացավ: Մարդկանց որոշ մասի մինչև հիմա երևի թվում է՝ մենք ընտրյալ ազգ ենք, մյուսների մասին ինչ ուզում ենք, կարող ենք խոսել»,- ասել է նա:
Զեկույցի վերաբերյալ քննարկումը կշարունակվի ապրիլի 21-ի Ազգային ժողովի նիստում:
