Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. հայտարարվել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկը

Հուշագիրը վավերացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արայիկ Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։
Հուշագրի ստորագրմանը նախորդել է ծրագրի վերաբերյալ մամուլի ասուլիսը, որի ընթացքում պաշտոնյաները ողջունել են համատեղ նախաձեռնության մեկնարկը, մանրամասներ են ներկայացրել եռամյա ծրագրի տարբեր փուլերի վերաբերյալ, պատասխանել են լրագրողների հարցերին։
Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է գործընկերներին հուշագրի ստորագրման կապակցությամբ, նշել, որ նախարարության կարևոր ուղղություններից է բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերություն ունենալը, հայկական արտադրանքի գլոբալ մրցունակության ավելացումը և «Կատապուլտ» ստեղծարար ծրագիրը կարող է խթան հանդիսանալ այդ գործընթացներն իրականացնելու ճանապարհին:
«Կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ ստեղծագործ և ստեղծարար արդյունաբերության զարգացումն առաջնային է մեզ համար: Նոր արժեք ստեղծելու համար շատ կարևոր է ստեղծագործ մտածելակերպը, իսկ նորարար լուծումները՝ տնտեսության մեջ լրացուցիչ արժեք ստեղծելու կարևոր հիմք են»,- ասել է նախարարի առաջին տեղակալը:
«ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ Ստեղծարար Հայաստանի հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը: