Արդարադատության ուշացման հարցը խորքային է, պատճառներից մեկը՝ հասարակության միջև բովանդակային խզումը. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև։

Այս մասին Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում արդարադատությունը։

«Կարծում եմ, որ պատճառներից մեկը, որը ընկած է հարցադրման հիմքում, նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև։

Ինչո՞ւ ենք մենք ասում, կամ ինչո՞ւ կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույն բանն են կամ պիտի լինեն նույն բանը։ Երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ։

Բայց կարևոր է հասկանալ՝ որն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում կարող է գոյություն ունենալ մեր իրականության մեջ։

Ես կարծում եմ՝ պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը շատերին հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։

Եվ այդ լեզուն ոչ միայն բարդ է, այլև երբեմն այդ բարդությունն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ հանրային հարցադրումները, թե արդարադատությունն ու արդարությունը նո՞ւյնն են, բխում են հենց այդ խզումից: Վարչապետը հավելել է, որ երբեմն քննարկումների ինչ-որ պահից սկսած իրավաբանական հանրությունը սկսում է օգտագործել այնպիսի բառապաշար, որը սովորական մահկանացուներին հասանելի չէ։

«Եվ դրանով խոսակցությունն ավարտվում է։ Ասվում է՝ ահա կապերը այսպիսին են, բայց այդ կապերը երբեմն տեսանելի չեն։ Եվ այստեղից էլ, գուցե, առաջանում է այն վակուումը, որի մասին մենք խոսում ենք»,- եզրափակել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...