Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկվում է նորերը
Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Անի և Ախուրյան համայնքներում նախատեսված է իրականացնել ծառատունկ։

Ծառատունկ կատարվել է Անի համայնքի Գուսանագյուղ և Ջրափի բնակավայրերում՝ համայնքների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Այն հատվածներում, որտեղ տնկվել են ծառերը, համայնքի կողմից կառուցվել է կաթիլային ոռոգման համակարգ։
Տնկվել է շուրջ 2000 ծառ և թուփ։

Անիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը կարևորում է այս ծառատունկը՝ ընդգծելով, որ այն համայնքին նախևառաջ պարգևում է մաքուր օդ, կանաչ տարածք։
«Մենք ունենք հետազոտություն, ըստ որի՝ առաջիկա 10-15 տարիներին մեր համայնքում օդի ջերմաստիճանը միջինից բարձրանալու է մոտ 2 աստիճանով։ Ծառատունկն օգնելու է, որպեսզի մենք կարողանանք պայքարել ջերմաստիճանի բարձրացման դեմ։
Բացի այդ, կանաչ տարածքն իր հետ բերում է խոնավություն, և եթե կարողանանք այս տեմպերով յուրաքանչյուր տարի 3000-4000 ծառ վերականգնել, 10-15 տարի անց մեր համայնքում վարելահողերի բերքատվությունը կբարձրանա, բացի այդ, կկարողանանք պայքարել տաքացման դեմ»,- ասել է Հարություն Համբարյանը։

Մեկ տարվա ընթացքում ծառերի խնամքը կիրականացվի Տրանշ-3-ը կառուցող կապալառու կազմակերպության՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից, որից հետո ծառերի խնամքը կհանձնվի համայնքներին։
