Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնում է, զրկում կամքից, խելքից․ վարչապետ (տեսանյութ)
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ հանրության շրջանում նման ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է:
«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը. քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է: Սա ամենամեծ մոլորությունն է:
Իրականության մեջ խոսք կա՝ դե տղա է, թող մի քիչ էլ տենց բան…
Իրենց թվում է՝ այդպիսով տղաներն ուժեղանում են: Բայց այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով, զրկվում են կամքից, խելքից, ինքնուրույն մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից:
Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այդքան ավելի հեշտ կառավարելի է: Ինչքան քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում՝ աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ:
Սա ինձ համար աքսիոմա է, տեսական թեզ չէ, սա մի բան է, որ ես գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականում, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է»,- ասաց նա:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնեն գիտելիքին, կրթությանը:
