Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։

«Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։
Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր հանգրվան կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

