Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին։
Նախագահը նշել է, որ ժողովրդավարության խթանումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների շարքում է և հավելել է, որ կառավարության տարբեր կառույցների և Եվրոպայի խորհրդի միջև առօրյա համագործակցությամբ իրականացվում են խորքային և հավակնոտ բարեփոխումներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ժողովրդավարության արժեքների առաջմղման շարունակականության ապահովման վերաբերյալ հարցեր: Կարևորվել են վերջին տարիններին տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումները, որոնք միտված են օրենքի գերակայության ամրապնդմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոփոխություններին և վերջիններիս համատեքստում առաջ եկած մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին: Կողմերը երկուստեք շեշտել են, խաղաղ գոյակցության և կայունության կարևորությունը ժողովրդավարության հետագա զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանի ընդհանուր իրադրության վերաբերյալ, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ինչպես հարևանների հետ բարիդրացիության և խաղաղության հասնելու հարցում, այնպես էլ դեմոկրատական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ մնալու իր դիրքորոշման մեջ:
