Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. Անահիտ Մանասյանի ուղերձը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։
Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են:
2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների:
Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող` էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում` հայատյացության քաղաքականությունը:
Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։
Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»:
