Նախաձեռնությամբ սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի եւ Նարեկ Գրիգորյանի հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 30-ի նիստում:
Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիպոտեկային վարկեր: Գեւորգ Պապոյանի խոսքով արտարժույթի տատանումների հետեւանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում: «Հայաստանում փոխարժեքը լողացող է, եւ ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որեւէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է համահեղինակը եւ հավելել` քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:
Խոսելով պարտքի վարման պետական քաղաքականությունից` Գեւորգ Պապոյանը նշել է, որ պետությունը հնարավորինս շատ պարտք ներգրավում է դրամով եւ հնարավորինս քիչ` արտարժույթով:
Նախաձեռնությամբ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով եւ ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք` «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով եւ (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով»:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Նրա խոսքով քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դիտարկումներ: «Ներկայումս կան 133 մլրդ դրամի արտարժույթով հիպոտեկային վարկեր»,- ընդգծել է զեկուցողը:
Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Որոշվել է փետրվարի 9-ին` ժամը 15:00-ին, ԱԺ 334 դահլիճում անցկացնել Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ` քննարկելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: