ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման առանցքային թեման եղել է բնական աղետների, մարդածին և տեխնոլոգիական վտանգների, համավարակների, պատերազմների և այլ արտակարգ իրավիճակներում հստակ մեխանիզմներ և ընթացակարգեր ունենալու և պետական սոցիալական պաշտպանության համակարգն առավել արդյունավետ գործի դնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին Նաննա Սկաուն ներկայացրել է Պարենի Համաշխարհային ծրագրը (ՊՀԾ), տարբեր երկրներում աղետակայունության հզորացման գործում ցուցաբերած աջակցությունը և գրանցած հաջողությունները։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը իրականացնել երկրի կարողությունների գնահատում և հզորացում արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության միջոցով արձագանքի տեսանկյունից, ինչպես նաև մշակել ու գործարկել ստանդարտ գործառնական ընթացակարգեր ու միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք կգործեն արտակարգ իրավիճակներում։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար՝ ընդգծելով ծրագրի աջակցության կարևորությունը հատկապետ կոռոնավիրուսային համաճարակից և պատերազմից հետո։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլերը՝

• Իրազեկման և ներգրավման փուլ,

• Երկրի կարողությունների գնահատման փուլ,

• Երկրի կարողությունների հզորացման փուլ,

• Տարված աշխատանքի գնահատման փուլ,

• Գիտելիքի կառավարման փուլ։

Վաչե Տերտերյանը նշել է, որ ներկա իրավիճակում առավել նպատակահարմար է աշխատանքային խմբի ձևավորումը, որը կզբաղվի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության մեխանիզմի և ընթացակարգի մշակմամբ, ինչպես նաև կիրականացնի փաստահավաք առաքելություն պետության ունեցած ռեսուրսների, անվտանգային խնդիրների և կարիքների գնահատման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները և ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը։

You may also like...