Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. Փելոնը քննադատել է Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը

Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության թույլ «ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փելոնը՝ անդարադառնալով փաստին, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի, ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառել և 1915-ի իրադարձությունները որակել է որպես «Մեծ Եղեռն»:

«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն», — գրել է Փելոնը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915թ. սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին:

Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար:

Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության»,-նշել էր նա։

You may also like...