Մեկնարկել են Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Վիթքոֆի բանակցությունները
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլը հրապարակել է Կրեմլում Վիթքոֆի և Պուտինի հանդիպման մեկնարկի տեսանյութը։ Նրանք միմյանց ողջունել են անգլերենով։
Բանակցություններին մասնակցում են նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և պետության ղեկավարի ներդրումային և տնտեսական համագործակցության հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել ապրիլի 25-ի առավոտյան, մինչ այս Վիթքոֆն ու Պուտինը հանդիպել են երեք անգամ՝ փետրվարի 11-ին և մարտի 13-ին Մոսկվայում, ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում։ Բացի այդ՝ Վիթքոֆը Սաուդյան Արաբիայում մարտին Ռուսաստանի հետ բանակցություններում ամերիկյան պատվիրակության կազմում էր։
Նկարագրելով Պուտինի և Վիթքոֆի վերջին հանդիպումը՝ Կրեմլն ասել է, որ կողմերը քննարկել են «ուկրաինական կարգավորման ասպեկտները»՝ չտրամադրելով այլ մանրամասներ։ Պեսկովը նշել է, որ բարձրացված հարցերը «շատ բարդ» են, և չպետք է անհապաղ արդյունքներ ակնկալել։
