«Մահվան զեբռա» Գյումրիում, որտեղ 5 րոպեն մեկ հետիոտն է վթարի է ենթարկվում (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրիում այսօր ակցիա է անցկացվել․ կարճատև ժամանակով փակվել է Սայաթ-Նովա փողոցի՝ դրամատիկական թատրոնի դիմացի հատվածը՝ ի նշան բողոքի և զգուշացման:

Խնդիրը կապված է այդ տարածքում առկա, հետիոտնի անցման համար նախատեսված գծանշման հետ, որը բազմաթիվ վթարների և վրաերթերի պատճառ է դառնում: 5 օրում վրաերթի 2 դեպք է գրանցվել այդ հետիոտնային անցման վրա:

Ակցիայի մասնակիցները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին՝ ճանապարհը մի պահ փակում են, քանի որ տարիներ շարունակ բարձրացվող այս խնդրի լուծման այլ ելք արդեն չեն տեսնում:

0f689f6d-330e-49d6-b1e0-6a5c4f3df75b.jpg (228 KB)10eecc58-15b1-4bf9-8114-fa12538226a1.jpg (215 KB)cabb5883-2065-4a29-b877-4ab3c6fce105.jpg (256 KB)

«Դուք, օրինակ, կարո՞ղ եք վթարն ու վրաերթը միանգամից տարբերակել ձայնով: Ես կարողանում եմ, եթե վրաերթ է, հետիոտնի տարիքն եմ կարողանում արդեն ճիշտ գուշակել: Սա վատ իրականություն է, որում ամեն օր ես ապրում եմ:

Ըստ մեր Սահմանադրության՝ մարդը բարձրագույն արժեք է, իսկ էդ բարձրագույն արժեքն էստեղ 5 րոպեն մեկ վրաերթի է ենթարկվում: Մի քանի անգամ ես, էս թաղամասի բնակիչները բարձրացրել ենք հարցը տարբեր ատյաններում, բայց ինչպես տեսնում ենք, լուծում չկա:

cc6d6d2b-f662-4fba-9e82-9cca04948694.jpg (235 KB)5cf30776-02ef-4fe8-a631-8a9e7368dc7b.jpg (211 KB)

Մենք «մահվան զեբրա» ենք դրել էս անցման անունը․ երեկ ես էլ բարեհաջող անցնելուց հետո մտա մեր վաճառատուն, աշխատակիցներին ասեցի՝ մատուռ եմ սարքելու, մոմ վառենք, անցնենք, որովհետև հույս չկա անվտանգ անցնելու:

Հարցը ոչ թե զեբրայի հանելն է, որովհետև էս տարածքից անընդհատ անցուդարձը կա, դիմացն էլ դրամատիկականն է, ահավոր մեծ շարժ է մշտապես, այլ գոնե լուսացույց լինի, արգելագոտի լինի, կամ մի ինչ-որ լուծում»,- ասաց տարածքի վաճառակետերից մեկի սեփականատեր Արամ Գրիգորյանը:

db9d7b10-2984-4049-b80f-9ba8f96d64c3.jpg (221 KB)

Գյումրու դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ խնդիրը հրատապ կարգավորման կարիք ունի, վթարներն ու վրաերթերը հաճախակի են դարձել:

«Ես ինքս վարորդ եմ ու չեմ կարող ասել, որ վարորդներն են մեղավոր: Լինում է, որ հետիոտներն էլ որտեղից պատահի, անցնում են: Բայց կիսալուրջ, կեսկատակ ասեմ, որ էստեղից անցնելիս խաչակնքվում ենք:

Պետք է իրավասու մարմինները լուծում գտնեն, պարտադիր չէ, որ դժբախտ դեպք լինի, նոր լուծում գտնվի: Եթե թատրոնից դուրս է գալիս հանդիսատեսը, առավել ևս՝ պատանի հանդիսատեսը, պետք է անվտանգություն ապահովվի»,- ասաց Հարությունյանը:

2a2769af-627b-461e-9523-698f35f0df41.jpg (243 KB)

Թատրոնի աշխատակիցն ասաց՝ վտանգը կրկնապատկվում է հատկապես ներկայացումների օրերին: Ստիպված են լինում, եթե երեխաներ են հանդիսատեսները, իրենք էլ միանան ուսուցիչներին և ծնողներին, հերթապահություն անեն փողոցում, մինչև բոլորը անվտանգ հեռանան տարածքից:

aca130ce-04c3-477b-ab9d-9352a82123bb.jpg (228 KB)

«Դուք չեք պատկերացնե, գյուղերից գուկան ավտոբուսներով, երեխեք են, մեկը հետ կեղնի, մեկը՝ առաջ: Մեքենան մեկը կկանգնի, մյուսը չի զիջե: Էն օրը էլի մե երեխեմ ընկավ մեքենայի տակ: Ըդպես օր չկա, որ դեպք չեղնի, հնարավոր չէ՞ լուծում, գոնե սվետաֆոռ դնեն: Կխնդրենք, որ լուծում էնեն, անհնար է արդեն»,- ասաց նա:

b4b5897e-3da8-449f-bc89-7e107c48eb7c.jpg (244 KB)fd541286-c855-4d01-b309-01238dfe910e.jpg (256 KB)է.jpg (173 KB)

Վերջին վրաերթը ապրիլի 24-ին է եղել: Մեքենան հարվածել է ծնողների հետ փողոցը հատած 2007 և 2020 թվականներին ծնված քույրիկների: Երեխաները տեղափոխվել են մանկական հիվանդանոց, սակայն չեն հոսպիտալացվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն ասաց՝ փոքրի մոտ ախտորոշվել է ձախ անրակոսկրի կոտրվածք, մեծն ունեցել է ծնկի հատվածում քերծվածքներ: Երեխաները ստացել են բուժօգնություն, գնացել տուն:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2 անչափահասի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 2-ը ճանաչվել են տուժող:

You may also like...