Հայտնի է՝ երբ է Նեթանյահուն այցելելու Ադրբեջան. նրանից հետո Բաքու կմեկնի Էրդողանը
Հայտնի է դարձել, թե երբ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելելու Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է «The Times of Israel»-ը՝ Իսրայելի վարչապետը Բաքու կայցելի մայիսի 8-ին։
Այդ օրը նա բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կհանդիպի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այցը կավարտվի նույն օրը։
Իսրայելի վարչապետի այցից հետո, մայիսին սպասվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու։
Սակայն, պաշտոնապես երկու այցելությունների միջև որևէ կապ չկա։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Էրդողանը մտադիր է այցելել Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու երկկողմ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստին։
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Բաքուն առաջարկել է իր օգնությունը իր դաշնակից Թուրքիայի և մերձավոր գործընկեր Իսրայելի միջև առկա լարվածությունը մեղմելու գործում։
Նշվում է, որ մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցավ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված Սիրիայում կողմերի միջև բախումները կանխելու մեխանիզմի ստեղծմանը։
