Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո
Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա այսպես պատասխանել է NBC News-ի հարցին, թե որքա՞ն ժամանակ է ԱՄՆ-ը պատրաստ սպասել, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնեն խաղաղ համաձայնագրի կնքմանը։
«Այս շաբաթը շատ կարևոր շաբաթ է լինելու, որի ընթացքում մենք (Միացյալ Նահանգները) պետք է որոշենք՝ մտադի՞ր ենք շարունակել մասնակցել (հակամարտության կարգավորմանը), թե՞ ժամանակն է կենտրոնանալ այլ հարցերի վրա», — ասել է Ռուբիոն ։ Պետքարտուղարը կոնկրետ ժամկետներ չի նշել։
«Մեր շնորհիվ կողմերն ավելի մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, քան ավելի վաղ էր, բայց այն դեռ ստորագրված չէ: Եվ դա պետք է սկսի տեղի ունենալ», — ասել է Ռուբիոն և հավելել, որ լավատեսության պատճառներ կան:
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը չէր ցանկանա նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
«Նա (նախագահ Դոնալդ Թրամփը) գիտի, որ ունի այս հնարավորությունները: Մարդիկ նրան անընդհատ հարցնում են այդ մասին, բայց այն, ինչ նա իրականում ցանկանում է, դա խաղաղության պայմանագիրն է», — ասել է Ռուբիոն: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանա անցնել այդ միջոցներին։
Ռուբիոն նաև ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «պետք է ինչ-որ բան զոհաբերեն» խաղաղ համաձայնագրի հասնելու համար:
Թրամփը նախօրեին ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, չի ձգտում դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում, և «իր հետ պետք է այլ կերպ վարվել՝ «բանկային» կամ «երկրորդային պատժամիջոցների» միջոցով»:
Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Վատիկանում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։ Իր հերթին Զելենսկին ասել է, որ իրենց հանդիպումը «կարող է պատմական դառնալ»։
ԱՄՆ-ն ավելի վաղ ենթադրել էր, որ կարող է հրաժարվել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը լուծելու միջնորդությունից, եթե շուտով արդյունքներ չհասնեն: «Եթե ինչ-ինչ պատճառներով կողմերից մեկը չափազանց դժվարացնի իրավիճակը, մենք պարզապես կասենք՝ դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք», — ապրիլի կեսերին նախազգուշացրել էր Թրամփը:
