ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։
Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում են ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈւ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:
«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին, — հայտնել են ԱԳՆ-ից:
Նախարարությունում կարևորել են Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին` խաղաղության և անվտանգության հաստատաման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
«ՀՀ ԶՈւ խաղաղապահները ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ne 1244 բանաձևի շրջանակներում ստեղծված KFOR ուժերի կազմում: KFOR ուժերի հիմնական խնդիրներից են անվտանգության պայմանների ստեղծումը և ռազմական գործողությունների վերսկսման կանխումը, ինչին համապատասխան կերպով ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:
Գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին նպաստում է նաև ՀՀ անվտանգային համակարգի տոկունության բարձրացմանը` հիմնված միջազգային չափանիշների և ձեռքբերված փորձի վրա՝ դարձնելով այն առավել դիմացկուն արդի անվտանգային մարտահրավերների նկատմամբ։
Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը՝ իր ներդրումն ունենալով Բալկանյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նշենք, որ հայ խաղաղապահները առաքելություն են իրականացնում նաև Լիբանանում ՄԱԿ–ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում:
