Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը
Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը:
«Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները:
Ըստ զեկուցողի՝ բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջեւ համագործակցության էկոհամակարգը, որը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձեւավորման գործում:
Նշվել է, որ օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի նաեւ միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ, օտարազգի արվեստագետների, գալերիստների եւ քննադատների միջեւ նոր ինստիտուցիոնալ կապերի ձեւավորմանը:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը կքննարկվի ոլորտի մասնագետների եւ փորձագետների հետ:
