Ադրբեջանում մարդու իրավունքները ԵՄ-ի համար առաջնահերթություն են. Կալաս
Ադրբեջանում մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են և ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում՝ ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուիլ Ֆրագոսի հարցերին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ:
Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաև՝ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, ազատել պահվող հայերին և ապահովել ԼՂ հայերի վերադարձի երաշխիքները:
Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ փոխգործակցությունը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:
