ԲԴԽ-ն քննում է դատավոր Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը: Նիստին ներկա է նաև դատավոր Գաբրիելյանը:

Քննչական գործողությունների շրջանակում երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն դատավորին դուրս էր հանել դատական նիստերի դահլիճից:

Գլխավոր դատախազն է դիմել ԲԴԽ-ին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։

Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ հետապնդում կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ:

Ի դեպ, նիստին ներկա է նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ փոխանցել էին, որ «կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»։

You may also like...