Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ:
Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշխատավորներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր երկրի զարգացմանը: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր դժվարին պայմաններում շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսմեկյան տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ»:
