Հուսով ենք՝ ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Բալասանյանը՝ Պուտինին
Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք:
Բալասանյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ այդ մեծ ու ընդհանուր հաղթանակում իր հերոսական ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը, իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերից 90,000-ն արցախցի էր:
Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր):
