Դաշտավայրում չեն թողնում աշխատել, չմշակվող այգիներ կան. Խնածախում անդորրը չի վերականգնվում

«Ժողովուրդը գիտի պատերազմ ա սկսել». — սահմանամերձ Խնածախում մայիսի 1-ի լուսադեմից լսվող ադրբեջանական կրակոցների ինտենսիվությունը բնակիչներին խուճապի է մատնել, նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց՝ այդքան երկար այս մեկուկես ամսում չէին կրակել:

Ժամեր շարունակ հնչած կրակոցներից գյուղում չեն տուժել:

«Ազատության» զրուցակիցը նաև դժվարացավ ասել՝ կրակոցները գյուղի ուղղությա՞մբ էին, թե՞ ոչ. — «Տարբեր տեսակի զենքերով են է խփում, ես չեմ տարբերում:

Ծանր ոնց որ տեխնիկա խփի՝ բարձր դմբոց, հեռու գնում ա նորից դմբում:

Չգիտեմ ինչ տեխնիկաներով են խփում»:

Որ նախորդ գիշերը լարված է եղել, հայտնել էր նաև ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանը շուրջ չորսժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից:

«Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել: Ընդ որում` կրակահերթերը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից:

Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականոն անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և՛ մեր դիրքերի, և՛ սահմանամերձ գյուղերի համար», — գրել է Աբրահամյանը:

Ադրբեջանական կրակոցների մասին Պաշտպանության նախարարությունը ոչ մի տեղեկատվություն չի տրամադրել:

Ռազմական գերատեսչությունը սահմանային կրակոցներին անդրադառնում է միայն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը թիրախավորում է քաղաքացիական շինություններ, իսկ հիմնականում՝ երբ անհրաժեշտ է լինում հերքել ադրբեջանական կողմի մեղադրանքները, թե հայկական կողմը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ, բայց արդեն չորրորդ օրն է՝ ՊՆ-ն առհասարակ լուռ է:

Բաքվից ևս կրակոցների մասին մեղադրանքներ չկան: Լարվածությունը, սակայն, պահպանվում է բնակիչների շրջանում, այս գիշեր էլ լուսացրել են ավանդական դարձած կրակոցների ձայների ներքո:

«Դաշտավայրերում չեն թողում աշխատեն, մարդկանց վարելահողերը հենց իրանց թիրախում ա, այգին չեն մշակում:

Ապրելը դառել ա արդեն վախենալու, ընտանիքներ կան՝ արդեն պատրաստված ուզում են տեղափոխվեն, ամեն օր անասուն են վաճառում: Որ սենց գնա, ինձ թվում ա գյուղը կդատարկվի», — ասաց «Ազատության» զրուցակիցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

You may also like...