Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել․ պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից կավարտվի
Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահական ընտրությունների: Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը 19 օրից կավարտվի: Արցախի խորհրդարանը կարծում է, որ պետական համակարգերը, թեկուզ վտարանդի, պետք է շարունակեն գործել:
«Եվ շատ ավելի նախընտրելի է, որ մենք բոլորս կարողանանք, էսպես, կոնսենսուսային նախագահ ունենալ, ի սկզբանե հակված լինենք կոնկրետ անձի ընտրելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, նախ, պահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը, երկրորդ՝ նախագահը կենսունակ լինի, այդ ինստիտուտը կենսունակ լինի», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Հիմա շատ շատերի մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչի է պետք Արցախի պետական ինստիտուտները: Միջազգային հանրությունը ինքը հակված է և տեսնում է, թեկուզ և իրենց ձևակերպումներում միգուցե Արցախի նախագահ չի, բայց իրենք մեզ բոլորիս ընկալում են որպես Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներ», – վստահեցրեց Մետաքսե Հակոբյանը:
Նախընտրական քննարկումներին, որ ակտիվ շարունակվում են, չեն մասնակցում Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության՝ «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավորները: Նրանք ոչ մի հարցում միասնական չեն պատգամավորների հետ, պնդում է Հակոբյանը: Ինտրիգներ է նկատում, որ իրեն դուրս չեն գալիս: Մամուլում գրվեց նաև Սամվել Բաբայանի թեկնածության մասին, բայց Բաբայանը հայտարարեց, որ չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին: Հետո լուրեր շրջանառվեցին Արցախի նախկին նախարարներից Հայկ Խանումյանի թեկնածության մասին:
«Որևէ խմբակցություն ինձ առաջարկ չի արել, որևէ պատգամավոր ինձ առաջարկ չի արել, ոչ էլ ես եմ որևէ մեկին առաջարկ արել: Արցախի տարածքից դուրս որևէ արցախյան պաշտոնի չեմ հավակնում: Երբ Արցախը վերադարձնենք, էն ժամանակ էդ հարցը կարող եք ուղղել», – «Ազատությանը» ասաց Խանումյանը:
Հայկ Խանումյանը, թեև առաջադրվելու մտադրություն չունի, բայց կողմ է, որ Արցախի կառավարությունը, թեկուզ վտարանդի, շարունակի գործել. – «Ես որևէ խնդիր դրա մեջ չեմ տեսնում և զարմացած եմ էն մարդկանց վրա, որոնք դրա մեջ խնդիր տեսնում են»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
